1989 թվականի գարնանային մի պայծառ օր Սիսիանի Շամբի ձոր կոչվող ծիրանենիների այգում նկարահանվեց «Իրիկնահացի հրավեր» ֆիլմը: Ի՜նչ հրաշալի պահ էր` ծիծաղկոտ ծառերով զարդարուն ծիրանուտում Համո Սահյանն էր` բարձր տրամադրությամբ, սիրահոժար ասող-խոսող: Այն Համո Սահյանը, ով միշտ խուսափել է նկարահանումներից, հարցազրույցներից: Այդ օրը ես այն բախտավորն էի, որ արժանացել էի մեծանուն պոետի բարեհաճությանը, ու արդյունքում ունեցանք և ունենք Համո Սահյանի` չափազանց քիչ պահպանված կենդանի կադրեր, որ մասունք որպես փայփայանքով ամենօրյա նայելիք են ու լսելիք: Համո Սահյանի բանավոր խոսքի այս գոհարները` նրա հյութեղ լեզվով ներկայացված, սերտելի դաս են, նաև ներշնչանքի աղբյուր քեզ համար, եթե դու էլ մի քիչ գրի մարդ ես: Այս ամենն ունեցողի լիությամբ ու հպարտությամբ իմ մտքում ու տրամադրության մեջ մշտահմա մնում են պոետի հետաքրքիր, խրատական զրույցները, նրա բանավոր խոսքի հմայքը:
Այն խոստովանանքը, թե Սիսիանն է պահել իր ինքնությունը, Սահյանի պոեզիայում իշխող արտահայտություն է` բնաշխարհին հարազատ, բնաշխարհը բաց ափի պես ճանաչող, ու, գոնե ինձ համար ամենակարևորը` Համո Սահյանով նրա ընթերցողը ոչ միայն ճանաչում է Սիսական լեռնաշխարհը (թեպետ, ինչո՞ւ միայն Սիսական), այլև մոգական անտես մի ուժով, ներքին մղումով սիրահարվում է այդ աշխարհին:
Համո Սահյանն իր հայրենի լեռնաշխարհում փնտրեց ու գտավ իր անդրադարձը՝ իր պապին ու ապուպապին, բնությանն ու հողին համանվագ, հողոտ-մղեղոտ, մի ծերատ լուսնի տակ իրենց հանգիստն առնող կալերով, կծիկ-կծիկ սարերով, պարան-պարան կիրճերով, մասրենու թփերով զարդարուն քերծերով, այն ամենով, ինչը կոչվում է հայոց լեռնաշխարհ, հայոց տուն ու տեղ: Եվ այդ արտացոլանքը` մարդը բնության մեջ, և բնությունը մարդու մեջ զուլալ համադրությամբ, դարձավ նրա պոեզիան, դարձավ նրա ասելիքը, նրա մտորումը: Նա Հայաստան աշխարհի գեղեցկությունները նկարեց Սիսիանի չխամրող գույներով՝ ներկապնակի անսպառ երանգները խնամքով, բծախնդիր, մեկիկ-մեկիկ դնելով բնությանն այնքա՜ն համահունչ ու հարազատ իր կանաչ-կարմիր աշխարհի կտավին:
Նա հասցրեց խորհուրդ և իմաստ դնել Սիսական աշխարհի ամեն մի քարին, թփին, ժայռապատկերին և այդ ամենը՝ այնքան բնորոշ ու ամփոփ, որ երբ Սիսական աշխարհ ես գնում` մտքումդ Սահյանը, շուրթերիդ` նրա տողերը, հայացքդ լեցուն բնության հրաշքի սահյանական նկարագրության հիացմունքով, ուրեմն խուփ աչքերով էլ կտեսնես, կճանաչես այդ աշխարհը։ Ռուս թարգմանչուհի Ալլա Մարչենկոյի խոսքերով ասած, «Այստեղ ամեն ինչ մարդ է, ժայռերը մարդ են, մասրենին մարդ է, Որոտանը մարդ է»: Ես ուրախ եմ, որ Սիսական աշխարհում պահպանվում են Համո Սահյանի ոտնահետքերը, և այդ ոտնահետքերով անցնելիս քեզ պարուրում է բանաստեղծի քնարերգության ճառագումներով նկարված ավարտուն կտավների մի յուրահատուկ գունաշխարհ: Այդ ամենը տեսնելուց, վայելելուց հետո սկսում ես մտածել, թե կյանքում երբևէ չսխալված մարդը ինչպե՞ս է մեկ անգամ, միայն մեկ անգամ սխալվել, երբ գրել է. «Մամուռներում կորան արահետ ու անուն»: Եվ ես ունեմ այն համոզումը, թե նրա հետ կապված որևէ բան` հուշ ասեմ, քնարերգության թողած հետքն ասեմ, չի կարող կորչել: Այս համոզումը գալիս է պոետի երգերի տարածո՜ւն ներկայությունից մեր շուրթերին:
Հոբելյանական այս օրերին քանիցս գնացի այն այգին, ուր պոետի մասնակցությամբ նկարահանվեց ֆիլմը: Այգին արդեն ուրիշ տեսք ուներ: Տարիների ընթացքում անմշակ էր մնացել, ու ծերացած ծիրանենիները չորացել էին: Սիսիանում Համո Սահյանի մտերիմ ընկերը` շինարար Լավրենտ Սարգսյանը, ով երեսունհինգ տարիներ ի վեր միշտ Սահյանին ընկերակցել է` վերջինիս Սիսիան հյուրընկալվելու բոլոր առիթների դեպքում, տեր էր կանգնել այգուն, նորատունկերով շենացրել, կառուցել հյուրատուն, ուր Համո Սահյանը հաճախ էր այցելում ու գիշերում այնտեղ: Երկրային կյանքին պոետի հրաժեշտից հետո Լավրենտ Սարգսյանը յուրովի է խնկարկում պոետի հիշատակը` այդ այգին հիմա կոչվում է Համո Սահյանի անվամբ, հյուրատունը` Համո Սահյանի հյուրատուն: Իսկ տան մի սենյակը, ուր գիշերում էր պոետը, յուրատեսակ թանգարանի է վերածել ու անվանել Համո Սահյանի թանգարան:
Իմ այցի շարունակությունը պոետի ծննդավայր Լոր գյուղն էր: Ի՞նչ էի փնտրում` ոտնահետքե՞ր: Դրանք ամենուր էին` բանուկ, զարմանալիորեն հեշտ անցնելի, և ամեն քայլքին, ամեն ոտնափոխին արահետից, կածանից, ափնարոտիկից լսելի էին պոետի տողերի հնչյունները, որ գալիս-թառում են շուրթերիդ, ու դու դառնում ես այն խենթը, որ սկսում է մասրենու հետ զրույցի բռնվել, պարան-պարան կիրճերին ու շարան-շարան ժայռերին հարցում անել իրեն գովերգողի մասին և լսել նրանց արձագանքը: Այդ արձագանքը իրեն բացակա չդնելու խնդրանքի պատասխանն է` նա այստեղ է, մշտահմա այստեղ:
Իսկ Լորում: Օ՜, սա ուրիշ աշխարհ է: Սա երկու հազար տարվա պատմության հավաստի վկայագրեր ունեցող շեն է: Եթե մինչ Լոր գնալը մտել ես Սիսիանի պատմության թանգարան, և տնօրեն Ծովինար Պետրոսյանը Ավետարան հիշեցնող հաստափոր մատյանը մեղմորեն թերթելով պատմել է, թե Լորի ծխական մատյանն ի՜նչ հսկայական պատմություն է ամբարում իր մեջ, ուրեմն Լորում դու արդեն տեղաբնակի իմացությամբ ես անցնում քո ճամփան` 1915-16 ուս. թվերին այս գյուղ ուսուցչության եկած Ակսել Բակունցի խոստովանանքն էլ շուրթերիդ ունենալով, թե` «իմ պատմվածքների շատ կերպարներ հենց Լորից են»: Մի պահ կկանգնես այն հնաբույր տան մոտ, ուր ապրել է Բակունցը, և որի կողքով գյուղամիջի աղբյուր ջրի է գնացել խոնարհ աղջիկը, և սիրտդ կճմլվի, որ այդ տունը կիսափուլ է, այնինչ արժեր, որ մի ծածկ ունենար, կիսաքանդ պատերը վերաշարի կարոտ չմնային, և պատին էլ ցուցանակ ունենար. «Այս տանը 1915-16 թվականներին ապրել է հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցը»:
Կարծես թե շեղվում եմ: Չէ, սա դարձյալ Համո Սահյանի մասին է. նա այս տան մոտ հաճախ է կանգնել` իր մանկության օրերի տպավորությունը վերհիշելով. «Ես տեսա իմ երազած մարդուն` Ալեքսանդր վարժապետին... Երկու բան լավ եմ հիշում. մեկ այն, որ մտածում էի, թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրա առաջ շենաթաղցիները ծպտուն չհանեցին: Մեկ էլ այն, որ նախանձից պայթում և արտասուքից խեղդվում էի, թե ինչո՞ւ նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ դասընկեր Համբարձումը»:
Մինչ Լոր գնալը Համո Սահյանի երկու տողերի «կռիվն» էր իմ մտքում` իրար հետ վիճում էին «Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս» և «Մամուռներում կորան արահետ ու անուն»: Թե որը պիտի հաղթեր, ամենաստույգ պատասխանը ստացա հենց Լորում: Մի զարմանալի հրճվանք ունեցա այդ գյուղում, երբ զարմանքս ու հիացմունքս բերեցին դպրոցի աշակերտները, նրանց ուսուցչուհի (նաև` դպրոցի տնօրեն) Լիանա Գրիգորյանը, ովքեր Համո Սահյանի քնարերգության մի այնպիսի ներկայացում տվեցին, որ հանպատրաստից արված գրական-երաժշտական այդ ցերեկույթը պրոֆեսիոնալ ասմունքողների նախանձը կշարժեր: Եվ պոետի այն երկու տողերի «կռիվն» իմ մեջ ավարտվեց «Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս» տողի հաղթանակով: Հաղթանակ, որ եկավ դպրոցի աշակերտների ասմունքով, համագյուղացի պոետի քնարերգությանը տիրապետողի նրանց շնորհքով, նրանց հրաշալի պահվածքով:
Լոր գյուղում իմ նկարահանումները լրացումը եղան «Իրիկնահացի հրավեր» ֆիլմի, որ նորովի անվանում ունեցավ` «Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս» և ցուցադրվեց Լոր գյուղի միջնակարգ դպրոցի դահլիճում` հերոսներ ունենալով դպրոցի այդ սաներին:
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ